Նոր օրինագծով կառավարությունը չափից շատ լիազորություններ է խնդրում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեկնաբանելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» կառավարության օրինագիծը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հանրապետությունում հարկադրույքները պետք է հաստատվեն օրենքով: Իսկ օրինագծում առաջարկվում է, որպեսզի հողի հարկից ազատվող սահմանամերձ գյուղերի ցուցակը կառավարությունը սահմանի: Ու թեեւ ձեւակերպումն այլ կերպ է առաջարկվում (ոչ թե հարկերից ազատում, այլ դրանց փոխահատուցում), այսպես, թե այնպես, անհրաժեշտ է, որ նման որոշումը ստորագրվի օրենքում, ավելի շատ թափանցիկության համար, կարծում է ընդդիմադիրը:




























