2013 թ. ահաբեկչական հարձակումները աճել են 44%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Լոնդոնի տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի Global Terrorism Index-ի զեկույցը:

Ըստ ինստիտուտի տվյալների՝ 2013 թ.  տեղի է ունեցել 10 հազար ահաբեկչություն, որոնց արդյունքում զոհվել է շուրջ 18 հազար մարդ՝ 61%-ով ավելի, քան 2012 թ.:

Ամենաշատ ահաբեկչություններ կատարել են չորս խմբավորման գրոհայինները՝ «Իսլամական պետության», «Բոքո Հարամ», «Ալ Քաիդա» եւ «Թալիբան»: Հենց այդ խմբավորումներն են պատասխանատու անցյալ տարվա ահաբեկչական հարձակումների 66%-ի համար:

«Ավելանում է ահաբեկչության ոչ միայն ինտենսիվությունը, աճում է նաեւ  դրա ընդգրկումը», - զեկույցից հատված է մեջբերում գործակալությունը:

Ահաբեկչություններ են տեղի ունեցել աշխարհի 60 երկրում: Ահաբեկիչների գործողություններից մահվան դեպքերի շուրջ 80%-ը տեղի են ունեցել Իրաքում , Աֆղանստանում, Պակիստանում, Նիգերիայում եւ Սիրիայում, ասվում է զեկույցում: