Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ, եւ մերժում են երկխոսություն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ 12 կետերի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակացությանը, որին չէր մասնակցում միայն ՀԱԿ խմբակցությունը: Նրա խոսքով՝ մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է: Շարմազանովը նշել է, որ եթե քաղաքական ուժը մի փոքր մտահոգվում է երկրում բարեփոխումների, ոչ թե իր դերակատարումն ավելացնելու մասին, ապա նա պետք է գնա երկխոսության:

«Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության համար կարեւոր խնդիրների ուղղությամբ: Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»,-ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ուշացած չէ՞ քառյակի 12 կետերի շուրջ երկխոսության առաջարկով հանդես գալ, նա պատասխանեց. «Երկխոսությունը երբեք ուշացած չէ: Այս քայլով կառավարությունն ու իշխանությունը եւս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել, քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերն էլ միանգամից պետք է կատարվեն կամ չկատարվեն, քաղաքականությունը կլոր սեղանի տրամաբանություն ունի»:

Շարմազանովի խոսքով՝ նախապայմաններ պետք չէ դնել, հակառակ դեպքում ստացվում է՝ արտաքին քաղաքականության մասով մենք մշտապես ասում ենք, որ Թուրքիան չպիտի խոսի նախապայմանների լեզվով, իսկ ներքաղաքական կյանքում նախապայմաններ են դրվում: «Մենք պետք է դադարեցնենք այդպես մտածելուց, եւ բազմիցս եմ նշել, որ «ինչ որ կարելի է Զեւսին, չի կարելի եզին» սկզբունքը պետք է մի կողմ դնել»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով խորհրդակցության ժամանակ ԲՀԿ-ի ու «Ժառանգության» առաջ քաշած պայմանին, որ պետք է փոփոխել ընտրական օրենսգիրքը, Շարմազանովը նշեց, որ իրենք կողմ են հարցերը հերթով քննարկելուն, եւ չեն ասում թե, ըտրական օրենսգիրքը պետք չի բարեփոխել:

«Էդ ոնց է, որ գտնում են, որ ԸՕ բարեփոխելու կարիք կա, բայց ավելի լուրջ՝ սահմանադրական բարեփոխումների կարիք չկա: Այսինքն՝ ԸՕ տնտեսական բարեփոխման հետ կապ ունի, սահմանադրականը կապ չունի՞: Թող մի հատ իրենք կողմնորոշվեն»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ուզում են անցնել սահմանադրական բարեփոխումների, եւ դրանից հետո չեն բացառում ԸՕ-ի բարեփոխումը: «Սա ոչ թե մեր կապրիզն է, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում արդեն ընտրական պրոցեսի հետ կապված հստակ սահմանադրական նորմեր են ամրապնդվում, որոնք Սահմանադրության նորմ են, ոչ թե իշխանության կամ ընդդիմության քմահաճույքով են լինում, եւ միայն այդ նորմից հետո անցնենք մյուսներին»,-ասել է նա: