Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ավտոբուսի կանգառում գիտնականների վրա կրակած 35-ամյա Ռիշադ Գաջիեւին, հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին Քիմիայի ինստիտուտի երկու գիտաշխատողներ 56-ամյա Օլեգ Շեպոտկովսկին եւ 51-ամյա Վլադիմիր Կուզնեցովը կանգառում սպասելիս են եղել ավտոբուսին: Անսպասելիորեն ուղիղ կանգառ է մտել «Լենդ-Կրոզեր 200» ջիպը: Տղամարդիկ վարորդին նկատողություն են արել ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ մեքենան ոչ ճիշտ կանգնեցնելու համար, սակայն ի պատասխան՝ ագրեսիվ վարորդը վնասվածքային ատրճանակից կրակել է գիտնականների վրա:

10 օր անց Շեպոտկովսկին գլխի հատվածում ստացված վերքերից մահացել է հիվանդանոցում, իսկ նրա գործընկերն առ այսօր բժիշկների վերահսկողության տակ է:

Ռիշադ Գաջիեւը Ռուսաստանի երկու շինարարական ընկերությունների՝ «Գոլֆ-պարկ» ԲԲԸ-ի եւ «Ունիվերսալ» ԲԲԸ-ի սեփականատերն է: