Հայաստանն ընդլայնել է ձմերուկի եւ սեխի արտահանումը Վրաստան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-օմ լրագրողների հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա խոսքով, դրան նպաստել է բարձր բերքատվությունը: Եթե 2013թ. այն կազմել է 208 հազար տոննա, ապա 2014թ.՝ 245 հազար տոննա: «Մենք կարողացել ենք ընդլայնել մեր ձմերուկների եւ սեխերի արտահանումը, որոնց որակը հայտնի է»,- ասել է փոխնախարարը:

Նշենք, որ ըստ մաքսային վիճակագրության, 2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 1556 տոննա ձմերուկ եւ սեխ՝ 147,5 հազար դոլար ընդհանուր արժեքով: Դա գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, բայց արժեքով 2,5 անգամ փոքր (2013թ. 362,8 հազար դոլար):