Հայաստանի Կառավարության ընդունելությունների տանը այսօր՝ նոյեմբերի 18-ին,  հանդիսավորությամբ նշվեց Լատվիայի Հանրապետության Անկախության  96-ամյակը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, կառավարության անդամներին եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ հանդիսությանը ներկա արվեստի գործիչներին, ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավալեն ասաց, որ այսօր ոչ միայն ամբողջ Լատվիայի Հանրապետությունը, այլեւ երկրի սահմաններից դուրս նրա բոլոր ընկերները նշում են երկրի անկախության 96-ամյակը։

Տիկին Գավալեն իր խոսքում նշեց, որ Լատվիայի ժողովուրդը մեծ հպարտությամբ է ամփոփում անցած տարիների հաջողությունները. «Նույն հպարտությամբ շարժվելու ենք առաջ։ Հպարտ ենք, որ Լատվիան սույն թվականի հունվարի մեկից միացել է եվրոգոտու 17 անդամ երկրներին։ Հպարտ ենք, որ Ռիգան ճանաչվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ այս տարի Լատվիան հրավիրվել է անդամակցելու Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը, որը համախմբում է աշխարհի 34 ամենազարգացած երկրները։ Հունվարի մեկին Լատվիան եւս մեկ պատասխանատվություն է վերցնելու իր վրա՝ ստանձնելով ԵՄ նախարարների խորհրդի նախագահությունը»։

Անդրադառնալով հայ-լատվիական հարաբերություններին՝ դեսպանը նշեց, որ Լատվիան սերտ բարեկամական կապեր է հաստատել Հայաստանի հետ, աջակցել է եւ շարունակելու է աջակցությունը Հայաստանին ապագա մարտահրավերների հաղթահարման գործում։ «Թեեւ երկու երկրների ժողովուրդները վաղուց հաստատել են եղբայրական հարաբերություններ, իսկ երկու պետությունների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, մենք պետք է աշխատենք տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այդ կապակցությամբ մեծ են մեր սպասելիքները գործարար ոլորտի ներկայացուցիչներից»։ 

Էլիտա Գավալեն նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին, մշակույթի գործիչներին եւ գիտության ոլորտի ներկայացուցիչներին, որոնց հետ աշխատել է տարվա ընթացքում եւ որոնց աջակցությամբ երկու երկրների միջեւ հարաբերություններն էլ ավելի են խորացել ու ամրապնդվել. «Շնորհակալություն բոլորիդ, ովքեր պատվեցին մեզ իրենց ներկայությամբ»։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am