Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իտալիա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նոյեմբերի 19-21-ը Հռոմում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են ՊԳԿ-ի անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները։

Համաժողովի ընթացքում ներկայացվելու է սնուցման իրավիճակն աշխարհում, քննարկվելու են սնուցման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, այդ բնագավառի քաղաքականության մշակմանն ու կառավարմանը վերաբերող հարցեր, կազմակերպվելու են նախարարական կլոր սեղաններ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվայի, ինչպես նաեւ Իտալիայի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային եւ անտառտնտեսական քաղաքականությունների նախարար Մաուրիսիո Մարտինայի հետ, որի ընթացքում ստորագրվելու է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության գյուղատնտեսական, պարենային եւ անտառտնտեսական քաղաքականությունների նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: