Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, եւ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների, առեւտրատնտեսական կապերի, ռազմական եւ կրթամշակութային ոլորտներում առկա հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար», - նշել է կառավարության ղեկավարը:
Յանակիս Օմիրուն բարձր է գնահատել հայ-կիպրական ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ համագործակցությունը եւ դինամիկ որակել այն՝ ընդգծելով, որ դրան մեծապես նպաստում է նաեւ կիպրահայ համայնքի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Կիպրոսի իշխանությունների ցուցաբերած հարգալից եւ ջերմ վերաբերմունքի համար:
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ զրուցակիցները կարեւորել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացումը: Այս համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարել գործարարների փոխադարձ շփումների ակտիվացումը` տնտեսական կապերի ներուժը բացահայտելու եւ գործակցության նոր ուղղություններ ուրվագծելու համար:
Կողմերը գոհունակություն են հայտնել առ այն, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց եւ հավասարակշռված դիրքորոշում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի լուծման հարցում՝ կարեւորելով դրանց խաղաղ կարգավորումը, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա:
Հովիկ Աբրահամյանը եւ Յանակիս Օմիրուն խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին եւ անդրադարձել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակում Հայաստանում եւ Կիպրոսում անցկացվելիք ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներին, որոնց կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ կիպրոսյան բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ:



























