Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ միասին, նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Բրիտանահայ համայնքային խորհրդի ղեկավարության հետ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Հակոբյանը ներկայացրել է ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Սփյուռք կապերի սերտացման, հայապահպանությանն առնչվող, ինչպես նաեւ համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, համատեղ նախագծեր։ Անդրադարձ է կատարվել սեպտեմբերին Երեւանում կայացած Հայաստան–Սփյուռք համաժողովի արդյունքներին։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները։

Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի հայկական շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների տնօրենների ու ուսուցչական կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման ու համայնքում հայապահպանմանն առնչվող հարցեր:

Նույն օրը Սփյուռքի նախարարը հանդիպել է Ռամկավար Ազատական Կուսակցության մարմնի ու Թեքեյան մշակութային միության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում կարեւորվել են Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվեցին հայ համայնքներում լեզվի պահպանման հարցերը, ինչպես նաեւ համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Մեծ Բրիտանիայի վարչության անդամների հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է կայացել համատեղ իրականացվելիք ծրագրերի շուրջ, հատկապես առողջապահության բնագավառում հնարավոր փոխգործակցության եղանակների շուրջ։