Բուխարեստում նոյեմբերի 19-23-ը կայացավ «Gaudeamus» գրքի միջազգային սալոնը, որին արդեն երկրորդ տարին մասնակցում էր նաեւ Հայաստանը` որպես Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում ֆրանկոֆոնիայի տաղավարում առանձին բաժնով ներկայացրեց ֆրանսերենով մի քանի տասնյակ հրատարակություններ` «Ֆրանկոֆոն Հայաստանը եւ հայերը» խորագրի ներքո:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Բուխարեստի գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացավ նոյեմբերի 19-ին` ֆրանկոֆոն երկրների դեսպանների եւ ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի բաժնում ներկայացված էին ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության եւ մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում եւ Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ եւ ֆրանսագիր հայ գրողների գործեր:
Միջոցառումների շարքում կայացան կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ եւ հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ: Նոյեմբերի 20-ին ռումին գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Զամֆիրը ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ նոյեմբերի 21-ին «Meteor Press» հրատարակչությունը ներկայացրեց Լեւոն Հարությունյանի «Սիբիր. Տարած-ետ բերած» հուշերի գիրքն ու իսպանացի գրող Մարիա Անխելս Անգլադայի «Արամի գրառումները» վիպակը:
Գրքերի ներկայացման ժամանակ հայ ժողովրդի պատմության ու Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին ելույթներով հանդես եկան Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը:




























