Ադրբեջանն ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Ադրբեջանը վաղուց է Մինսկի խմբից հրաժարվել, ինքը ամեն ինչ անում է, որ դրանից հրաժարվի, որովհետեւ բանակցային գործընթացում ազգերի ինքնորոշման իրավունքը աշխարհով մեկ որպես գործոն սկսում է առաջ գնալ, դրա փայլուն օրինակն է Հյուսիսային Ուելսի օրինակը, եւ այս առումով նոր պետությունների ձեւավորումը փաստ է դառնում 21-րդ դարում: Այս առումով Ադրբեջանը մտավախություններ ունի, որ այս կոնտեքստում հերթը հասնելու է նաեւ Ղարաբաղին»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ինքը արդյունավետ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Կուսակցության առաջնորդը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք փորձեցին միջնորդել, որպեսզի նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները դուրս բերվեն ուղղաթիռի ընկած վայրից:
«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ձայն բարձրացրեցին, ովքեր տեսակետ ասեցին, պահանջեցին, թե խնդրեցին Ադրբեջանին, դա ուրիշ խնդիր է, բայց մարդկանց ցավով, օդաչուների հարազատների, մեր ժողովրդի ցավով վճռական եղան եւ արձագանքեցին մեզ»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է շնորհակալ լինենք Մինսկի խմբի 3 անդամ երկրներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը նվազեցնելու, երկու երկրների նախագահների հանդիպումներ կազմակերպելու, միջնորդական գործունեություն ծավալելու համար:
Հատուկ գործողությունը, որով խոցված ուղղաթիռի ընկած վայրից դուրս բերվեցին օդաչուների մարմիններն ու մասունքները, ըստ Արամ Սարգսյանի, նրանց հիշատակը վառ պահելու ամենալավ ձեւն էր, ինչը պատվով կատարեց Արցախի բանակը:
«Գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, որոնք իրենց կյանքի գնով մեր բոլորիս ինքնասիրությունը, պատիվը բարձր պահեցին»,-ասաց Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։




























