Կառավարության կողմից նոյեմբերի 15-ին հավանության արժանացած եւ ԱԺ ուղարկված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հարյուր տոկոսանոց չէ: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը` մեկնաբանելով օրենքի նախագիծը:
«Այս օրենքի մասին իմացել եմ դեռ օգոստոսին, կան բացեր, իհարկե, այս օրենքում: Շատ կցանկանայի, որ գյուղի մարդիկ անվճար բժշկական օգնություն ստանան: Խոսքս ոչ թե ադրբեջանցիների կողմից հրազենային վնասվածք ստացած գյուղացիների մասին է, այլ պարզապես վիրահատության կարիք ունեցող մարդկանց»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով սահմանվում է, որ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետբյուջեի միջոցներից: Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի եւ անշարժ գույքի գույքահարկի ծախսը:




























