Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, եւ հասել է գործելու նրանց ժամանակը: Երեւանում հուլիսի 4-ին կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ տպավորված ենք Երեւանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից՝ չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտների»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային՝ նույնպես ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ դա բխում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի շահերից: Հիլարի Քլինթոնը նաեւ ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը խթան կդառնա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Պետքարտուղարն իր կողմից աջակցություն է խոստացել երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում: «Ես եղել եմ Ցյուրիխում, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները: Երկու երկրների ղեկավարները խիզախ քայլ են կատարել՝ նախաձեռնելով այդ գործընթացը: Հուսով ենք, որ խոչընդոտները կհաղթահարվեն եւ հարաբերությունների հաստատման գործընթացը կշարունակվի»,- հայտարարել է պետքարտուղարը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին աջակցության համար, վերահաստատել է Երեւանի պատրաստակամությունը՝ շարունակել գործընթացն առանց նախապայմանների, երբ Անկարան պատրաստ կլինի իր կողմից համարժեք քայլեր կատարելու:


























