Հայաստանում այսօր չի գործում սահմանադրական կարգը՝ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրության օրվան։
«Այն, որ երկրում սահմանադրական կարգը չի գործում, սահմանադրության դրույթները խախտվում են, մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են, փաստ է, սակայն դա դեռեւս չի չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։ Երկրում առկա է ներուժ եւ պատրաստակամություն, որպեսզի Սահմանադրությունը դառնա գործող նորմ»,- նշեց Ալավերդյանը։ Նա նաեւ հավելեց, որ «Ժառանգություն» կուսակցության ծրագիրն ունի այնպիսի կետեր, որոնք հնարավոր չէ իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների։
«Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ ճանապարհը դեպի խորհրդարանական հանրապետություն, այն ճանապարհն է, որը կարող է Հայաստանը դարձնել իրապես իրավական պետություն, ավելի արագ, քան այսօր գործող կիսանախագահական հանարապետության դեպքում։ Իմ կածիքով, դա «Ժառանգության» կարծիքը չէ, պետք է կառուցել խորհրդարանական հանրապետություն, բացի դրանից սոցիալական, քաղաքական համակարգերը պետք է ենթարկվեն արմատական փոփոխությունների, որոնք հնարավոր է իրականացնել միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը օրվա խորհրդի հետ կապված մաղթեց, որ յուրաքանչյուր ոք իր ամենօրյա աշխատանքով նպաստի իրավական պետության կայացմանը, այսպիսով նաեւ երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը։




























