Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ԱՄՆ Պետքարտուղարը ծաղկեպսակ է դրել «Հավերժական կրակի» մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը պետքարտուղարին է ներկայացրել Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման պատմությունը` անդրադառնալով նաեւ հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, Միացյալ Նահանգների, ամերիկյան ժողովրդի մարդասիրական արձագանքին եւ նրանց կողմից ցեղասպանության զոհերին անգնահատելի աջակցություն ցուցաբերելուն:
Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ: Ամերիկյան պատվիրակությունը տեղեկացվել է, որ հայ ազգային ինքնագիտակցության մեջ Արցախյան պատերազմն ընկալվեց որպես ցեղասպանության շարունակություն, որի առաջին զոհերը թաղվեցին հենց Ծիծեռնակաբերդում:
Հայկ Դեմոյանն ամերիկյան պատվիրակությանը Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից հանձնել է պատմական մեդալ` թողարկված Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության կողմից 1920-ականների սկզբներին` Հայաստանում եւ Մերձավոր Արեւելքի որբանոցներում իրենց ծառայությունը բերած աշխատակիցներին պարգեւատրելու համար: Պատվավոր հյուրին հանձնվեց նաեւ մի լուսանկար, որում պատկերված են Ալեքսանդրապոլի /ներկայիս Գյումրիի/ ամերիկյան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ:




























