Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ Վարչական դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի 2008թ.-ի որոշումը, որով համալսարանից տարածք է հատկացվել «Օրինաց երկիր» կուսակցությանը: Դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին:
NEWS.am-ի հետ զրույցում համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը հայտնեց, որ գորխով երրորդ կողմ են հանդես գալիս ՕԵԿ-ը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ պետական գույքի կառավարման վարչությունը:
«Մեր հայցն անձնավորված չէ, մենք պարզապես վիճարկում ենք քաղաքապետարանի որոշումը, որով 262քմ տարածքը հատկացվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Մեզ համար այս պահին առավել կարեւոր է կուսակցության բռնագրավված 190քմ տարածքը, որը նրանք ցանկապատել են եւ մեզ թույլ չեն տալիս այնտեղ լաբորատորիա կառուցել: Նորից նամակ եմ գրել Հովհաննես Մարգարյանին, սակայն դեռ պատասխան չկա»,- ասաց պրոռեկտորը:
Հիշեցնենք, որ Ագրարային համալսաանի դասախոսները բողոքում են համասարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում է, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ: Ագրարային համալսարանի անձնակազմի պնդմամբ՝ այդ որոշման մասին իրենք անտեղյակ են եղել, բացի այդ քաղաքապետարանը լիազորություն չուներ այդ տարածքը տրամադրելու:
Նշենք, որ օգոստոստին Ագրարայինի դասախոսները եւ ուսանողները բողոքի ցույցեր էին կազմակերպել շինհրապարակի մոտ, դրանցից մեկի ժամանակ հրելով շուռ էին տվել շինհրապարակը շրջապատող ցանկապատը:




























