«Գեղագիտության ազգային կենտրոն»-ի «Կերպարվեստ» ստորաբաժանման նախկին ուսուցիչ Հրաչ Համբարձումյանն առաջիկա շաբաթ կդիմի դատարան՝ պահանջով վերականգնել իր աշխատանքը, ինչպես նաեւ պարզել արվեստանոցի ճակատագիրը:
«Օրերս գնացել էի կրթության եւ գիտության նախարարություն, որտեղ ինձ հայտնեցին, թե այլեւս ոչինչ անել չեն կարող, քանի որ հարցն իրենց իրավասության ներքո չէ: Ես էլ հարցրի, թե ինչպես կարող է նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատության խնդիրներն իրենց իրավասության ներքո չլինեին, եթե Լեւոն Իգիթյանն այնտեղ արվեստանոց է բացում: Նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ իրենք ստուգել են, այնտեղ գործող արվեստանոց չկա, իսկ Իգիթյանն էլ գրավոր հայտնել էր, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց ախր ինչպե՞ս կարելի է աչք փակել այս ամենի վրա, երբ կենտրոնի 5 արվեստանոցները դարձրել են խանութներ կամ արտադրամասեր, հենց օրինակ՝ Աբովյան փողոցում գտնվող արվեստանոցում այս պահին վաճառում են Ամանորի խաղալիքներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նոյեմբերի 10-ին Լեւոն Իգիթյանի հրամանով աշխատանքից ազատված Հրաչ Համբարձումյանը:
Նշենք, որ Իգիթյանն ուսուցչին աշխատանքից հեռացրել է հիմնավորմամբ, թե վերջինը տեւական ժամանակ աշխատանքից բացակայել է: Մինչդեռ Համբարձումյանը պնդում է, որ պատճառն այն է, որ Իգիթյանը պատրաստվում է այնտեղ արտադրամաս բացել:




























