Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում կբացվեն Սլովակիայի դատական փորձագիտական ինստիտուտի նեկայացուցչություններ: Այս մասին այսօր` նոյեմբերի 29-ին, սեմինար-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը Սլովակիայի դատական փորձագիտական ինստիտուտի տարածաշրջանային ներկայացուցիչն է։
Նրանք կատարելու են վթարների մոդելավորումներ, ինչը, փաստաբանի խոսքով, հնարավորություն կտա պարզել ավտովթարի մեղավորին. «Ենթադրվում է, որ հայաստանյան փորձագիտական կենտրոններից մեկի հետ համատեղ կկարողանանք անցկացնել փորձաքննություններ: Ծրագրավորում ենք մի քանի աղմկահարույց գործերով կատարել փորձաքննություն եւ ստույգ պատասխաններ տալ: Կպարզենք`թե, օրինակ, 10 տարի առաջ դատված մարդը իրականում մեղավոր էր, թե անմեղ»:
Նիկոլայ Բաղդասարանը նշեց, որ իրենք կատարելու են վթարի մոդելավորում` օգտագործելով CDR համակարգը եւ PC-Crash ծրագիրը, որոնք Հայաստանում դեռ չեն կիրառվում:
«CDR համակարգի միջոցով մեքենայի մեջ տեղադրված չիպը ֆիքսում է վթարը վերականգնելու համար անհրաժեշտ ինֆորմացիան: Այդ սարքը կա բոլոր նոր արտադրված մեքենաներ մեջ: Չիպի մեջ եղած այդ ինֆորմացիան էլ էլեկտրոնային կարգով դուրս է բերվում PC-Crash ծրագիրի միջոցով: Իսկ դեպքի վայրում արված լուսանկարներն էլ կարելի է ներբեռնել PC-Crash ծրագրի մեջ, այն կֆիքսի դեպքի վայրի բոլոր հետքերը: Իսկ հետո 2-3 օրվա ընթացքում կատարվում է մոդելավորում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ծրագիրը ներդնելու հետ կապված իրավական խոչընդոտներ չկան, իրենց կատարած փորձաքննությունը իրավական ուժ կունենան.«Քրեադատավարական խոչընդոտներ չունենք, այստեղ կամքի, ցանկության խնդիր կա: Այս ծրագրի միջոցով ավելի մեծ ճշտգրտությամբ կարելի է կատարել դեպքի վայրի զննություն: Մենք ոչ մի օրենք չունենք, կենտրոնի բացումը ընթացակարգ չի ենթադրում»:
Փաստաբանը հայտնեց, որ այս ծրագրի գործածումը թույլ կտա խուսափել կոռուպցիայից:
«Մենք ունենք շատ դեպքեր, երբ քննիչը սխալ է չափերը նշում, եւ դրա արդյունքում մեղավորն ու անմեղը տեղերով փոխվում են: Սրանով մենք վերջակետ կդնենք այն 70-80 տարվա մոտեցմանը, որ վթարների գործով կարելի է կաշառք վերցնել, անմեղ մարդկանց տանել դատել, մեղավորին ազատել»,- ասաց փաստաբանը:
Լրագրողի հարցին, բայց արդյոք ցանկություն կա վերջակետ դնելու, փաստաբանը պատասխանեց.« ՀՀ Արդադատության նախարարը բանավոր ասաց` այո: Կիրակի մենք փոխնախարարի հետ ենք հանդիպելու»:
Փաստաբանը կարծում է, որ ծրագիր շնորհիվ կարող են նվազել նաեւ վթարների պատճառով առաջացող մեքենաների խցանումները. «Ոստիկանության աշխատակիցը կգնա եւ խաչ կդնի դեպքի վայրում ու կլուսանկարի, եւ մենք, ունենալով խաչի մասշտաբները, չափերը, կունենանք դեպքի վայրում յուրաքանչյուր չափ, դեպքի վայրում երկար չափագրելու կարիք չի լինի»:
Նոր համակարգը կարող է լույս սփռել նաեւ նոյեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական վթարի գործում։ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, իրենք այսօր արդեն պատրաստ են փորձաքննություն կատարել եւ պարզել մեղավորին. «Մենք կարող ենք փորձաքննություն կատարել ու ասել` երկու մեքենաների արագությունն ինչքան է եղել, որ մեքենան կարող էր կանխել, որն է եղել անմեղ, եւ մոդելավորված վիճակով ցույց տալ, թե ով է մեղավոր»:
Սեմինար-քննարկմանը ներկա էր Սլովակիայի փորձագիտական ինստիտուտի ղեկավար Գուստավ Կասանիցկին, որը ներկայացրեց ծրագրը եւ վթարների մոդելավորման մի քանի դեպք:




























