Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թուրքիա կատարած այցի ընթացքում կաթոլիկներին եւ ուղղափառներին միավորվելու կոչ է արել՝ կապված Մերձավոր Արեւելքում քրիտոնյաների հալածանքների հետ:
«Միակ բանը, որ ցանկանում է Կաթոլիկ եկեղեցին, եւ ես փնտրում եմ որպես դրա ղեկավար, Ուղղափառ եկեղեցու հետ միասնությունն է»,- Ստամբուլի Սուրբ Գեորգի ուղղափառ եկեղեցում Բարդուղիմեոս I-ի հետ համատեղ պատարագից հետո լրագրողներին հայտարարել է Հռոմի Պապը:
Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ կաթոլիկների եւ ուղղափառների միջեւ միասնությունն ավելի արդիական է դարձել՝ կապված Մերձավոր Արեւելքում հակամարտությունների հետ, որոնց ընթացքում հալածում են քրիստոնյաներին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Թուրքիա կատարած եռօրյա այցի ընթացքում Հռոմի եկեղեցու ղեկավարը եղել է Անկարայում եւ Ստամբուլում, հանդիպել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի կրոնի հարցերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի, Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոս I-ի, ինչպես նաեւ Իրաքից եւ Սիրիայից փախստականների հետ:




























