Հռոմի Պապն ու Կոստանդնուպոլսի Պատրիարքն Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ են արել: Այս մասին ասված է նոյեմբերի 30-ին ընդունված համատեղ կոմյունիկեում, որը տարածվել է Հռոմի եկեղեցու ղեկավարի՝ Թուրքիա կատարած հայրապետական այցի ժամանակ երկու հոգեւոր առաջնորդների հանդիպումից հետո:
«Աղոթում ենք պատերազմի ողբերգությունն ապրած բոլոր ժողովուրդների համար: Աղոթք ենք հղում Ուկրաինայի՝ քրիստոնեական հնագույն ավանդույթներ ունեցող երկրի համար, եւ կոչ ենք անում հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին՝ երկխոսության եւ միջազգային իրավունքի հարգման ուղին ընտրել՝ Ուկրաինային խաղաղություն եւ ներդաշնակություն վերադարձնելու համար»,- ուղերձն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Ֆրանցիսկոս Պապն ու Բարդուղիմեոս I-ը կոմյունիկեում դատապարտել են Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների հետապնդումները: Նշելով տարածաշրջանում քրիստոնյաների ոչնչացման անթույլատրելիությունը՝ Հռոմի Պապն ու Պատրիարքն ընդգծել են մահմեդականների հետ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ «հիմնված արժեքների փոխադարձ հարգման վրա»:
Ֆրանցիսկոս Պապի եւ Բարդուղիմեոս Պատրիարքի այսօրվա հանդիպումը նվիրված էր Բյուզանդիայի երկնային հովանավոր Սուրբ Անդրեյի տոնին:




























