Այսօր Պրահայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջեւ հավաքվել են տասնյակ մարդիկ՝ իրենց բողոքն արտահայտելու Կովկասի այս երկրում մարդու իրավունքների պաշտպանության ջատագովների ազատազրկման դեմ: Նրանք ի ցույց էին դրել քաղբանտարկյալների լուսանկարները, որոնց թիվը Ադրբեջանում անցնում է հարյուրից: Չեխական NESEHNUTÍ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը կրում էր «Անազատությունն Ադրբեջանում այրում է մեզ» խորագիրը, որի գործողությունները միտված են աջակցելու իր ծրագրերի մաս կազմող Հարավային Կովկասում քաղաքացիական նախաձեռնություններին:
«Այսօրվա բողոքի ակցիան Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջեւ ավարտվեց «անմիջապես եւ առանց պայմանների Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու» կոչերով: Մասնակիցներն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Ադրբեջանում ավելի քան հարյուր մարդ բանտարկվել է քաղաքացիական գործունեության եւ գործող ռեժիմի քննադատության համար: Դրանց թվում են տղամարդիկ եւ կանայք, մարդու իրավունքի պաշտպաններ, անկախ լրագրողներ, արվեստագետներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ:
Մասնակիցները քաղաքական հետապնդման գործում մատնաշեցին Չեխիայի Հանրապետության եւ Կովկասյան բռնապետության միջեւ առկա փոխհարաբերակցություններ: «Այս հարավկովկասյան երկիրը Չեխիայում դեռ լայն ճանաչում չի գտել, սակայն մենք ունենք շատ ավելի հարաբերություններ, քան կարծում ենք: Չեխիայում ավտոմեքենաների շահագործման համար օգտագործվող վառելիքի քսանհինգ տոկոսի մատակարարն Ադրբեջանն է: Քչերին է հայտնի, որ դա անուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանում տիրող բռնապետական համակարգին, - մեկնաբանում է NESEHNUTÍ ՀԿ անդամ Պետրա Հավլիկովան»:
«Մենք այրում ենք ադրբեջանական նավթը, բայց այդ երկրում անազատություններն այրում են մեզ, - հայտարարել է մասնակիցներից մեկը՝ Պետր Տկաչը՝ մեկնաբանելով պաստառում արտահայտած «Անազատությունն Ադրբեջանում այրում է մեզ» տեքստի բովանդակությունը:
Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեման Չեխիայի Հանրապետությունում պարբերաբար բարձրաձայնվել է ոչ միայն NESEHNUTÍ հասարակական կազմակերպության, այլ նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից (Amnesty International, People in Need):
NESEHNUTÍ կազմակերպությունն անց է կացրել նաեւ Ադրբեջանի նախագահին ուղղված ստորագրահավաք, որով կոչ է արել ազատ արձակել Ռասուլ Ջաֆարովին եւ Ինթիղամ Ալիեւին:
Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարվա սեպտեմբերին Եվրոպական Խորհրդարանն ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հալածանքների մասին 2014/2832 քննադատական բանաձեւը, այլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ մեկտեղ, NESEHNUTÍ հասարակական կազմակերպությունը կոչ է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված վերոգրյալ անձանց ազատ արձակելու իրենց պահանջը:
Ադրբեջանի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ստանձնումից մի քանի ամիս անց երկրում ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ավելի սրվեցին: Այդ ընթացքում ձերբակալվել են մի շարք անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, բլոգերներ եւ այլք, ինչպես նաեւ նրանք, ովքեր արտահայտեցին իրենց աջակցությունն իրավական օգնություն ցուցաբերելու հարցում: 2014 թվականի մայիսից մինչեւ օգոստոս իրականացված ճնշումների փաստագրությունը հասանելի է European Stability Initiative Եվրոպական վերլուծական կենտրոնի համապատասխան փաստաթղթերում:

































