ԵՏՄ-ին Հայաստանի միանալը արկածախնդրություն է եւ հղի է հայոց ինքնիշխան պետության կորուստով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի (1990-95թթ) պատգամավոր, Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ Արամ Մայիլյանը:
Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Գերագույն խորհրդի հարգելի՛ պատգամավորներ,
Պատմական դեպքերի օբյեկտիվ զարգացման ընթացքում մեզ եւ մեր սերնդին բախտ է վիճակվել առանձնահատուկ դեր ունենալ հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմության մեջ. կատարել քաղաքական որոշիչ քայլեր՝ թելադրված մեր նախնիների հավերժական կանչով ու սեփական պետություն ունենալու բազմադարյա երազանքով: Եվ մենք այդ որոշումներն ընդունեցինք ժողովրդական լայն զանգվածների ձգտումների հիման վրա, քաղաքական խորազնին վերլուծությունների եւ ճշգրիտ հաշվարկների արդյունքում:
Մենք Հայաստանի գերագույն իշխանության այն ներկայացուցիչներն ենք, ովքեր, օժտված լինելով ժողովրդի լայն զանգվածներից ստացած իրավունքով, միս ու արյուն են տվել Հայաստանի անկախ պետության կայացմանը: Հիշեցնեմ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունել ենք Հայաստանի անկախ պետականության համար ուղենիշային Անկախության Հռչակագիրը, ապա՝ 1991 թ. սեպտեմբերի 23-ին՝ հենվելով Անկախության հանրաքվեի արդյունքների վրա՝ Հայաստանը հռչակել ենք անկախ պետություն: Եվ այդ ոգով էլ ընդունվել Է ՀՀ օրենսդրությունը, իրականացվել պետական շինարարությունը:
Այդ հիրավի պատմական որոշումներն ու փաստաթղթերը վերանայման ենթակա չեն եւ վաղեմության ժամկետ չունեն: Դրանք մշակվել, գրվել եւ ընդունվել են դարերի համար, եւ որեւէ իշխանություն, բացի հայ ժողովուրդը իր միասնական կամքն արտահայտող հանրաքվեով, չի կարող փոխության ենթարկել Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական որոշումները եւ Հայաստանը մղել դեպի այնպիսի վերազգային կառույցներ, որոնք ստվեր կգցեն մեր ինքնիշխանության վրա: Այն իշխանությունը, որը կփորձի նման քայլի դիմել, ի սկզբանե օրենքից դուրս է:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, որն իրականացնելու համար ներկա իշխանությունները ջանք չեն խնայում, ամբողջովին հակասում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերին, քանզի հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք ամրագրված են մեր ընդունած ուղենշային եւ հիմնարար փաստաթղթերում:
Ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ այդ քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորուստով, քանի որ դառնալով այդ կազմակերպության անդամ՝
- Հայաստանի արտաքին քաղաքականության գործառույթների մի զգալի մաս անցնում է կազմակերպության նախաձեռնող երկրին՝ Ռուսաստանին,
- Հայաստանի օրնսդրությունը փոփոխվում է՝ հարմարեցնելով անդամ երկրների օրենսդրությանը,
- Հայաստանի տնտեսությունը ամբողջովին կախման մեջ է դրվում կազմակերպության ԵՏՄ նախաձեռնող երկրի՝ Ռուսաստանի տնտեսությունից,
- Հայաստանի Հանրապետությունը զրկվում է սեփական դրամական միավորից,
- Հայաստանի զինված ուժերը տարալուծվում են կազմակերպության առաջատար երկրի՝ Ռուսաստանի զիված ուժերի մեջ,
- Նսեմանում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի դերը:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս իրավիճակում լռելը նշանակում է հրաժարվել մեր սկզբունքներից ու համոզմունքներից: Նշանակում է Հայաստանի ապագան հանձնել բախտի քմահաճույքին եւ արկածախնդրությանը:
Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք՝ կրկին լինենք առաջին շարքում, նույն եռանդով պաշտպանենք հայ ժողովրդի ու Հայաստանի շահը:
Ժամանակն է ցույց տալ, որ մեր ստորագրությունները իրենց ուժը չեն կորցրել, որ երկիրը եղել է մերը՝ մեր ժողովրդինը ու հիմա էլ մերն է՝ մեր ժողովրդինը»:




























