Երեւանի կենդանաբանական այգում, դեկտեմբերի 3-ին, տեղի կունենա հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը, որին ներկա կլինի Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
Ճոճանակն այգուն նվիրաբերել են Հայ-բրիտանական գործարար պալատը եւ Երեւանի Ռոտարի ակումբը: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր:
Հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կնշանավորի «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» հանրային քարոզարշավի մեկնարկը:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող քարոզարշավի նպատակն է հանրային ֆինանսավորմամբ միջոցների հավաքագրումը Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կառուցելու համար: «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» նախաձեռնությունը շոշափելի քայլ է՝ ուղղված Հայաստանում գրանցված շուրջ 8000 հատուկ կարիքներով երեխաների հանդեպ պատասխանատվություն ու հարգանք ձեւավորելուն:
Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցմանը կարելի է աջակցել աշխարհի ցանկացած անկյունից`նախագծին նվիրատվություն անելով Global Giving առցանց հարթակում:
Հայաստանում բնակվող հատուկ կարիքներով երեխաներն ու նրանց ընտանիքները հասարակության լուսանցքային հատվածում են՝ հանրային իրազեկվածության ցածր մակարդակի հետեւանքով: UNICEF-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մեկուսացման հիմնական պատճառը մարդկանց «անհաղորդությունն է». շատերի ընկալմամբ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում անհնար է:
Խաղահրապարակը սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ կոչված վերացնելու այս երեխաներին մեկուսացման դատապարտող հանրային ընկալման անջրպետները:
Օգնեք երջանիկ ապագա ապահովել բոլոր երեխաների համար. միացեք և տարածեք այս քարոզարշավը: Այցելեք http://goto.gg/19063 կայքը:




























