Թուրքիա այցելած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այցելել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ եռօրյա այցով Թուրքիա այցելած Հռոմի Պապը վերադարձից առաջ հանդիպել է Թուրքիայի կրոնական առաջնորդների եւ ներկայացուցիչների հետ, այնուհետ մասնակցել կիրակնօրյա պատարագի:

Ավելի ուշ Հռոմի Պապն այցելել է Ստամբուլի Զեյթինբուռնուի շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոց եւ տեսակցել դեռեւս 2008 թվականից անբուժելի հիվանդությամբ տառապող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքը ընտրված է ցմահ, որի համար էլ Թուրքիայի կառավարությունը մինչ հաջորդ պատրիարքական ընտրությունները փոխպատրիարք է նշանակել արք. Արամ Աթեշյանին: