Այսօր ՁԻԱՀԻ դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանի արդարադատության նախարարության տարբեր ՔԿՀ-ներում պատիժ է կրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ 25 դատապարտյալ: Այս մասին իր կայքում նշել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նա մասնավորապես գրել է.
«ՁԻԱՀ-ը մարտահրավեր է որը վեր է ազգային, կրոնական, ռասայական եւ մարդկությանը մինչ օրս հայտնի այլ հատկանիշներից. այստեղ կա մեկ համընդհանուր նույնականացում՝ գլոբալ առողջապահություն:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաեւ ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներրում հետեւողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերեւս սրանով է պայմանավորված, որ վարակակիր եւ հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ:
Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ 25 դատապարտյալ:
Այս տարի եւս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎՁԻԱՀԻ դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական եւ բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլորիս կողմից խնդրի կարեւորության գիտակցումից: «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը»- կարգախոսով ապրելը հիվանդության ռիսկի գնհատման իրական հնարավորություն է: Գուցե այս կերպ ունենանք ՄԱՐԴՈՒ կողմից վերջնականապես հաղթահարված եւս մեկ չարիք»:




























