Վարչական տույժերի կենթարկվեն աղբը ոչ սահմանված վայրերում թափողները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Անկախ աղբահանության եւ սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկից, ինչի արդյունքում, վստահ եմ, որ արդեն առաջիկայում կունենանք որակյալ սպասարկում, մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարեւոր է նաեւ մեր բնակիչների վերաբերմունքը մայրաքաղաքի նկատմամբ: Եղեք հետեւողական եւ օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի ենթարկեք բոլոր նրանց, ովքեր աղբը կթափեն ոչ սահմանված վայրերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով էլ հանձնարարվել է շարունակել ծանուցման գործընթացն ու տնտեսվարողներին մեկ անգամ եւս զգուշացնել, որ ապահովեն Երեւանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերը եւ կատարեն իրենց օբյեկտների հարակից տարածքները մաքրելու մասով ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձեւավորման աշխատանքները: Հանձնարարվել է այս գործընթացին մասնակից դարձնել նաեւ մասնավոր տնտեսվարողներին:




























