Մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով այս տարի արդեն իսկ կառուցվել է շուրջ 920 թեքահարթակ: Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, որից հետո կզեկուցվեն կատարած աշխատանքի ամբողջական ցուցանիշները: Քաղաքապետը հանձնարարել է Երեւանի քաղաքապետին կից գործող սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ համապատասխան խորհրդի հետ միասին, որոնցում ընդգրկված են նաեւ հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունները, վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ, գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն փողոցները, որտեղ դեռեւս կա թեքահարթակների անհրաժեշտություն՝ գալիք տարիների ծրագրում դրանք եւս ներառելու եւ խնդիրը հիմնովին լուծելու նպատակով:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երեւանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաեւ հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե, իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել: Ըստ այդմ, 2015թ. եւս ծրագիրը լինելու է շարունակական եւ փորձելու ենք առաջիկա երկու տարիների ընթացքում մայրաքաղաքում ամբողջովին լուծում տալ այս խնդրին»,- ընդգծել է քաղաքապետը:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացնել սոցիալական նշանակության բազմաբնույթ ծրագրեր:




























