Դեկտեմբերի 5-ին երեւանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1000 ծնողներ հնարավորություն կստանան կրկին այցելելու իրենց զավակներին` տեսակցության: Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, մինչեւ դեկտեմբերի 5-ը ստացված նոր առաջարկների դեպքում, այդ ծնողներին եւս ներառել մեկնողների ցանկում:
Պատասխանատուներին հանձնարարվել է նաեւ Ճանապարհային ոստիկանության եւ շտապօգնության հետ համատեղ ապահովել ծնողների անվտանգ այցը ԼՂՀ եւ սահմանամերձ շրջաններ ու վերադարձը Երեւան:
«Սա թե՛ զինվորի, եւ թե զինվորի ընտանիքի կողքին լինելու եւս մեկ կարեւոր քայլ է, եւ մեր պարտքն է պարբերաբար ապահովել երեւանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը: Մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական, եւ առանց որեւէ սահմանափակման երեւանաբնակ զինծառայողների բոլոր ծնողներն են հնարավորություն ստանալու օգտվել այս նախաձեռնությունից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




























