Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն» է հաճախում շուրջ 70 թմրամոլ եւ 300 ՄԻԱՎ-ով ապրող մարդ: Կենտրոնի շահառուներից են նաեւ նրանց ծնողները, ընտանիքի անդամները, երեխաները:

2011թ. սեպտեմբերից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի եւ ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ գործում է ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը»: Կենտրոնի տնօրենը ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն է:

Կենտրոնի նպատակն է նվազեցնել Երեւանում եւ մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող եւ ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը եւ նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգեւոր արժեքների ձեռքբերմանը:

Կենտրոնի հոգատար ու հետեւողական աշխատանքների արդյունքում բազմաթիվ թմրամոլներ հրաժարվել են թմրանյութերից եւ վերադարձել են բնականոն կյանքի: Նրանցից շատերը ներգրավվել են Հայ Եկեղեցու համայնքային կյանքում:

Այս տարի՝ հունիսի 3-ին, ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպեց «Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով բարեգործական համերգ: Համերգի ողջ հասույթը տրամադրվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաների ընտանիքներին:

21-րդ դարասկզբի համայն մարդկության առջեւ ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհը համակած այս տենդը չէր կարող եւ չշրջանցեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա դարձան ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգեւոր դաստիարակության միջոցով հասարակության մեջ բարոյական եւ հոգեւոր արժեքների ամրապնդումը: Հոգեւոր հովիվը կարող է դառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանը եւ համատեղ իրականացնել քայլեր` ուղղված խտրականության եւ սոցիալական անարդարության դեմ: Հենց այս նպատակով է Արարատյան Հայրապետական թեմում բացվել թեմի «Ցերեկային Կենտրոնը»: Այն շահառուներին տրամադրում է հետեւյալ ծառայությունները. Հովվական խնամք եւ աջակցություն:

Ամեն շաբաթ հոգեւորականը կազմակերպում է խմբային աշխատանքներ, քարոզ խոսում, հոգեւոր թեմաներով զրույցներ է անցկացնում շահառուների համար, ինչը նպաստում է շահառուների հոգեւոր աճին ու հոգեկրթմանը: Կազմակերպվում է ֆիլմերի դիտում եւ քննարկում: Իրականացվում են ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր:

Հոգեւորականի կողմից կատարվում է նաեւ անհատական խորհրդատվություն, խոստովանություն: Նա հաճախ է այցելում շահառուների տուն, կատարում տնօրհնեքի կարգ՝ նվազեցնելով ներքին հոգեբանական լարվածությունը:

Երեխաների համար շաբաթ օրերին կատարվում է Աստվածաշնչի սերտողություն, կազմակերպվում հոգեւոր թեմաներով նկարչություն եւ հոգեւոր մուլտֆիլմերի դիտում:

Հոգեբանական աջակցություն:

Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են խմբային ու անհատական տարբերակներով: Դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ թմրամիջոցների ներարկային օգտագործողների ու նրանց ընտանիքների անդամների համար:

Աշխատանքներ են տարվում շահառուների ինքնավստահության բարձրացման համար՝ նպաստելով ինքնախարանի եւ խտրականության հաղթահարմանը:

Երեխաների մոտ աշխատանքներն իրականացվում են վախերի հաղթահարման, մեկուսացման միտումների նվազեցման, շփման հմտությունների մշակման ուղղությամբ:

Սոցիալական աջակցություն

Սոցիալական աջակցություն ծրագրով ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ եւ թմրամիջոցների ներարկային օգտագործողները հավասարը հավասարին խորհրդատվություն են իրականացնում՝ նախկին թմրամոլներն իրենց օրինակով ցույց են տալիս այն ճանապարհը, որով հնարավոր է հարթել դժվարին թվացող խնդիրը: Կազմակերպվում են տնայցեր, սննդի փաթեթներ են տրամադրվում: Երբ շահառուն գտնվում է հիվանդանոցում, կենտորնի աշխատակիցները խնամում են, անհրաժեշտ դեղորայք տրամադրում:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են ՄԻԱՎ-ով ապրող հղի կանայք: Հղիության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ հիվանդանոցում գտնվելու ժամանակ եւ հետծննդյան շրջանում նրանց համար խնամք է կազմակերպվում, անհրաժեշտ հոգեւոր ու հոգեբանական աջակցություն ցուցաբերվում: