ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկելու Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ շենքի Դեմիրճյանի մուտքի մոտ հավաքված՝ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներին ասաց պատգամավորը։

«Ձեր քանակն արդեն իսկ խոսում է այն մասին, որ իմ դիրքորոշումը ճիշտ է։ Ես լսելու եմ երկու միլիոն ժողովրդի ձայնը եւ կողմը եմ քվեարկելու»,- ասաց պատգամավորը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որին նույնպես ակտիվիստները դիմավորեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով, չասաց՝ ինչպես է քվեարկելու. «Կքվեարկեմ, կտեսնեք»։

Նրա կուսակից Ռուստամ Գասպարյանը, սակայն, ասաց, որ «դեմ է քվեարկելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։

Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: