«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո  Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները տարածվելու են նաեւ Հայաստանի վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողներին ասաց ԱԺ շենքի առջեւ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքի ակցիային մասնակցող Ստյոպա Սաֆարյանը:

«Եթե մենք որոշել ենք կիսել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների բեռը, ապա դա լինելու է, դա այսօր արդեն տեղի է ունենում: Մեր հասարակությունն արդեն իսկ ճաշակում է այն, ինչ սպասվում է հունվարից հետո՝ գների թանկացումը: Դա կապ ունի նրա հետ, որ Հայաստանի ապագան տնտեսական քաղաքական եւ այլ առումներով կապվել է Ռուսաստանի հետ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն անելիք չունի մի միությունում, որի ճակատագիրը «մեծ հարցականի տակ է»:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ պետք չէ հույս ունենալ, թե ԵՏՄ անդամակցության դեպքում Հայաստանում մարդկանց կյանքը կբարելավվի, քանի որ, ինչպես նա նշեց, Հայաստանն այդ դեպքում վերադառնալու է 1920-ական թվականներ:

«Մարդիկ, որոնք թքած ունեն Հայաստանի ինքնիշխանության վրա, մտածում են՝ Ռուսաստանի կազմում լավ են ապրելու, իրականում լավ չեն ապրելու: Մարդիկ լինելու են այնքան բարեկեցիկ, որքան Ղազախստանի կամ Ռուսաստանի հեռավոր գյուղերում ապրողներն են, եթե չասեմ՝ ավելի լավ»,-ասաց նա: 

Ստյոպա Սաֆարյանը հորդորեց չմտածել, թե բողոքի ակցիաներին մասնակցողները միակ մարդիկ են, որոնց մտահոգում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը. «Հայաստանի անկախությունը փայփայողներ քիչ կան: Շատ մարդիկ ել կան, որ հուսահատված են, չեն հավատում, թե կարող են ազդել եւ դուրս չեն գալիս բողոքի»:

Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնելուն, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը դարձել է «Հայաստանի անկախությունն աճուրդի հանող գործիք»:

«Հայաստանի քաղաքական ուժերը ոչ միայն անադեկվատ են դարձել, այլեւ չափազանց անազատ են: Միայն այն, որ մի քանի քաղաքական ուժեր որեւէ կուսակցական պաշտոնական գնահատական չտվեցին սեպտեմբերի 3-ին (այդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին-խմբ) տեղի ունեցածին, դա նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը կաշկանդող  հանգամանքներ ունեն»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ եվրասիական հեղափոխությունը Հայաստանում սկսվել է այն ժամանակ, երբ «Խորհրդարան էին բերվում քաղաքական ուժեր, որոնք կողմ էին դրան»։

Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 2 օր է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: