«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը կարճ է տեւելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողներին ասաց ԱԺ շենքի առջեւ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքի ակցիային մասնակցող Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ չի կասկածում, որ խորհրդարանը կվավերացնի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը:

«Համոզմունք ունեմ, որ այս կառույցը շատ կարճ է տեւելու, այն հիմնված է մի քանի երկրի  վրա, որոնք կոռուպցիայով հարուստ են, որոնք լուրջ խնդիրներ ունեն աշխարհի հետ, որոնցից մեկն արդեն այսօր լուրջ տնտեսական անկում է ապրում: Դա նաեւ ցավ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանի անողնաշար իշխանություններն արել են ամեն ինչ, որ Հայաստանը կախված լինի այդ երկրի արտաքին եւ ներքին շահերից: Արել են այնպես, որ Հայաստանը կախված մնա Կրեմլից»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ պետք չէ հուսահատվել բողոքող մարդկանց քիչ քանակությունից, «պետք չէ ողբ սարքել, պետք է հերոսաբար ընդունել սխալները եւ սխալներից դուրս գալու քայլեր անել»:

Նշենք, որ դեկտեմբերի 1-4-ը խորհրդարանում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 2 օր է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: