Եղվարդի մանկապարտեզում սննդից վերցված նմուշառումը կրկնակի լաբորատոր փորձաքննության կենթարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Դրանից բացի՝ մանկապարտեզի աշխատակիցների կենսաբանական փորձաքննություն է արվում: Արտավազդ Վանյանի կարծիքով՝ միանշանակ է, որ երեխաների թունավորումը սննդային է եղել, սակայն առայժմ փորձաքննություն անցած մթերքների մեջ որեւէ խնդիր չի հայտնաբերվել, բոլորը ժամկետի մեջ են եղել: Համաճարակաբանական հեռազոտության արդյունքում նա եկել է այն համոզման, որ կամ խնդիրը աշխատակիցների հետ է եղել, այսինքն՝ մեկնումեկը եղել է բացիլակիր եւ այդպես շփվել է սննդի հետ, կամ էլ սնունդը մաքուր եկել է, բայց պատրաստման ընթացքում հիգիենիկ պայմանները չեն պահպանվել: Հնարավոր է այս երկու հանգամանքն էլ դեր է ունեցել, այստեղ գործ ունենք երկրորդային աղտոտվածության հետ: Թե կոնկրետ ինչ է եղել, մասնագետները կկարողանան ասել բոլոր փորձաքննությունների եզրակացությունը ստանալուց հետո: Այժմ մանկապարտեզը պլոմբված է քննչական մարմինների կողմից: Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը դրանից հետո մի քանի օր այնտեղ ուսուցանում կկազմակերպի, կախտահանեն ամեն ինչ, որպեսզի այլեւս նման դեպք չլինի: Մանկապարտեզը հավանաբար կսկսի գործել 7-10 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:
Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա:




























