Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Հայաստանի սեւազգեստ կանայք» նախաձեռնության անդամները Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին «Խաղաղությունը կնոջ ձեռքերով» միջոցառումը, որի ժամանակ ներկայացնում էին ռազմական գործողությունների ժամանակ խաղաղություն տարածելու կանանց դերակատարությունը:

«Այսօր մենք փորձում ենք ներկայացնել պատերազմի եւ խաղաղության միջեւ եղած տարբերությունը եւ կանանց դերը խաղաղության ձեւավորման գործում: Միջոցառումը կրում է «Ո՛չ պատերազմին, այ՛ո խաղաղությանը» կարգախոսը:  Բրոշյուրների տեսքով ներկայացրել ենք նաեւ խաղաղության գործում մեծ ներդրում ունեցող հայ ֆեմինիստուհիներին, ինչպիսիք են Զապել Եսայանը, Սրբուհի Տյուսաբը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սեւազգեստ կանայք» նախաձեռնության անդամ Արուսիկ Օհանյանը:

«Սեւազգեստ կանայք» շարժումն իր բնույթով միջազգային շարժում է, որն առաջացել է պաղեստինաիսրայելյան դիմակայության շրջանակում՝ 1987-88թթ, երբ երկու երկրների կանայք համախմբվեցին եւ փորձում էին պայքարել հանուն խաղաղության: Այս շարժման գաղափարախոսությունը անտիմիլիտարիզմն է, պայքարի ոչ բռնի ձեւերը, լուռ պայքարը»,- ասաց «Հայաստանի սեւազգեստ կանայք» նախաձեռնության անդամ Անուշ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ նախաձեռնությունը շարունակելու է ոչ միայն վիրտուալ հարթակում գործունեություն ծավալել, այլեւ այդ շարժումը լոկալացնել եւ անդրադառնալ մեր երկրում գոյություն ունեցող խնդիրներին:

Նշենք, որ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակն» ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը: