Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող որդու՝ Սեդրակ Օսիպյանի գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը շարունակում է պնդել, որ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարել է հենց Սեդրակը, իսկ Վալերի Օսիպյանն էլ իրեն «անպարկեշտ» առաջարկ է արել, թեեւ Հատուկ Քննչական ծառայությունը կարճել է նրա հաղորդումը հանցագործության վերաբերյալ:
«Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է դեռ սեպտեմբերի 16-ին, ես ծանուցումը ստացել եմ հոկտեմբերի 6-ին, դիմեցի գլխավոր դատախազությունո, որտեղից պատասխան ստացա, որ եթե դեմ եմ որոշմանը, իրավունք ունեմ դիմելու դատարան եւ վիճարկելու որոշումը: Ես էլ արդեն ամսի 31-ին դիմեցի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Սուսաննան:
Դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին: Տիկին Սուսաննան վստահ է, որ ՀՔԾ-ն քննությունը միակողմանի է կատարել, իսկ նրա եւ Օսիպյանի միջեւ տեղի ունեցած առերեսումներն անցել են կոպիտ խախտումներով:
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը հայտնել էր, որ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարություն էր տեղի ունեցել: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, նրան մեղադրանք է առաջադրվել եւ արդեն 6 ամիս վերջինս գտնվում է հետախուզման մեջ:
Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Նուբարաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել: Օսիպյանը հերքել էր այդ տեղեկությունը:




























