ԵՏՄ անդամակցության վավերացումը Հայաստանին կզրկի ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Առանց այդ էլ մեր կորուստը մինչեւ այժմ շատ մեծ է, սակայն այդ ամենին իրավական տեսք են ուզում տալ»,- նշեց Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամները կողմնակից չեն ճնշումներով ԱԺ-ի որոշման վրա ազդելուն։

«Մենք խուճապի չենք մատնվում, ԱԺ-ին ճնշելու մեթոդին կողմնակից չենք այն առումով, որ այդ ամբողջը դեկորացիա է։ Գնալ, Ազգային ժողովից ինչ-որ բան պահանջել, կամ փորձել ճնշել, որ նրանք չսխալվեն, անիմաստ, ապարդյուն աշխատանք է»,- ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

ԵՏՄ անդամակցությունից խուսափելու միակ ելքը շարժումը համարում է իշխանափոխությունը։

«Մենք թույլ չենք տալու, որ  այս ռեժիմը Հայաստանը տանի դեպի նորելուկ մի կայսրություն։ Մենք նախ ձերբազատվելու ենք այս ռեժիմից, ինչից շատ կարճ ժամանակ հետո մեր երկրի եւ ՌԴ հարաբերությունները կդրվեն հավասարակշռված հունի մեջ։ Այսօր Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները հուշում են, որ մեռելածին ԵՏՄ կոչեցյալը այդպես էլ չի ծնվելու։ Եթե ազգաբնակչությունը տեր կանգնի իր իրավունքներին, այդ փաստաթղթերը իրենց ուժը ուշ, թե շուտ կորցնելու են»,- ասաց Սեֆիլյանը։