Հիմնանորոգումից հետո Դիլիջանում այսօր բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների եւ նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական եւ կրթական աջակցության կենտրոնը։

Հաստատության վերանորոգմանն աջակցելու գաղափարը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA) հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Կենտրոնի հիմնանորոգումն իրենց սեփական ուժերով եւ միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի շինարարական  կազմակերպությունները, այն համալրվել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ գույքով:

Բացման արարողությանը մասնակցում էին պետական մարմինների, մարզային եւ տեղական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչներ։

«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, եւ առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։ Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարեւոր կենտրոնի վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության եւ նրա հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գեւորգյանը։

Կենտրոնի կրթական եւ սոցիալ- հոգեբանական աջակցության ծառայություններից ներկայումս օգտվում է Դիլիջան քաղաքից եւ շրջակա գյուղերից հաշմանդամություն ունեցող եւ այլ խոցելի խմբերի 177 երեխա, ինչպես նաեւ՝ նրանց ընտանիքները: Բարելավված շենքային պայմաններն ու հարմարեցված միջավայրը հնարավորություն կընձեռեն այսուհետ առավել որակյալ ծառայություններ մատուցել։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է  երկրի սոցիալ-տնտեսական  զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատեւումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։