Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների եւ նրանց հարազատների հետ, ծանոթացել վերջիններիս խնդիրներին` վստահեցնելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության եւ ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Դիմելով զինհաշմանդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ մարդ պետք է ոգով առողջ լինի եւ հենց այդ ոգին է, որ պատերազմի հետեւանքով ֆիզիկական խնդիրներ ունեցողներին տոկուն է պահում: Չնայած ֆիզիկական խնդիրների առկայությանը` մարդը կարող է արարել ու պիտանի լինել հասարակությանը, եւ մեր երկիրն ամենից առաջ ոգով ու դատողությամբ առողջ այդպիսի մարդկանց կարիքն ունի:
Պաշտպանության նախարարության եւ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինհաշմանդամները 5 օր շարունակ մրցել են շախմատի, շաշկիի, նարդիի, բազմակարտի, լողի մրցաձեւերում: Ընդհանուր առմամբ` մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորություններ ստեղծել եւ ինտեգրել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Լեռնային Հայաստան» առջողջարանում կազմակերպված մրցաշարը եզրափակվել է մրցանակաբաշխության արարողությամբ, որի ընթացքում տարբեր մրցաձեւերում հաղթող ճանաչված եւ մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պաշտպանության նախարարը հանձնել է պատվոգրեր եւ դրամական պարգեւներ:




























