«Վերնիսաժի» գործով տուժողների կողմից բողոք չներկայացնելը որեւէ լուրջ իրավական հետեւանք չի կարող ունենալ գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի (ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա) առաջադրված մեղադրանքի վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Եթե խոսքը գնար կոնկրետ անհատականացված անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու մասին, այդ դեպքում այն կարող էր ինչ-որ հետեւանք ունենալ, իսկ այս դեպքում, երբ խոսքը գնում է դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք տալու մասին, դա իրավական որեւէ լուրջ հետեւանք չի ունենում, դա միայն ի նկատի կունենան հետագայում պատիժը նշանակելիս»,-ասաց Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Գոռ Առաքելյանին ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում գործով ձեռք բերված ապացույցների:
«Բացարձակ սխալ, հնարավորինս խիստ ու ծանր որակումներ, որոնք որեւէ կերպ չեն հիմնավորվել ոչ նախաքննության սկզբնական փուլում տեղի ունեցած որակումներով, ոչ էլ հետագայում: Ամբողջ քրեական գործը ես ուսումնասիրել եմ, չկա որեւէ վկայում, որ սպանության փորձ է տեղի ունեցել, ընդհակառակը բազմաթիվ ապացույցներ կան, որոնք հիմնավորում են, որ այստեղ սպանության փորձի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»,-ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը համոզված է, որ այս գործով ոստիկանությունը փորձում է ցույց տալ, որ լավ է աշխատում եւ դրանով դիվիդենտներ շահել:
«Իմ մոտ տպավորություն էր, որ կոնկրետ իրավապահ մարմինները փորձում են այս գործի հաշվին դիվիդենտներ շահել, ցույց տալ, որ արդար ենք, հետեւողական եւ ծանր վերաբերմունք ունենք նման գործերին: Ընդունելով, որ պետք է խիստ մոտեցում ունենան կոնկրետ հանցագործությունների նկատմամբ, միաժամանակ պետք է փաստենք, որ դա պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, ոչ թե կամայական ցանկությունների»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























