«Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանը, որը նոյեմբերի 17-ից հացադուլ էր սկսել, 12 օր անց՝նոյեմբերի 29-ին, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:

«Աշոտը դատի հաջորդ օրը դուրս եկավ հացադուլից, սակայն առողջական խնդիրներ ունի ստամոքսի եւ նյարդային համակարգի հետ, բժիշկների վերահսկողության տակ է գտնվում»,-ասաց նա:

Լավրենտի Առուշանյանի խոսքով՝ իրենք Վերաքննիչի դատավճիռը դեռ չեն ստացել եւ չգիտեն, թե ինչ հիմնավորմամբ է 5 ու կես տարվա ազատազրկման առաջին ատյանի դատավճիռը նույնը մնացել:

«Դատավճիռը ստանալուց հետո մենք կկազմակերպենք ցույցեր ու ակցիաներ, որովհետեւ իմ տղան անհիմն է արդեն 2 ու կես տարի գտնվում բանտախցում»,-ասաց Լավրենտի Առուշանյանը:

Աշոտ Առուշանյանը նշեց, որ դատից առաջ այցելել են Աշոտ Առուշանյանին ՄԻՊ-ից, խոսել նրա հետ եւ խնդրել, որ դադարեցնի հացադուլը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում: Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Նա պնդում է, որ մեղավոր չէ։