Երեւանի թիվ 27 դպրոցի դատապարտված նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը վարչական դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքապետի որոշումը: Դատական առաջին նիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ որոշումով Երեւանի քաղաքապետը չեղյալ էր հայտարարել սույն թվականի 01.08.2014թ. տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի վերաբերյալ դպրոցի կառավարման խորհրդի թ.20  արձանագրությամբ քաղաքապետին ներկայացրած այն որոշումը, որով դպրոցի կառավարման խորհուրդն ընտրված տնօրեն է հայտարարել դատապարտված եւ դատվածության մարման ժամկետը չլրացած Սուսաննա Սարգսյանին  եւ առաջարկել էր նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

Այս առնչությամբ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշել է. «Երեւանի քաղաքապետի կողմից դեռեւս չի վերանայվել դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի  կայացրած վերոնշյալ որոշումը կայացվել է  ՀՀ կառավարության որոշման համապատասխան կարգի լրջագույն խախտմամբ:

Կառավարման խորհրդին ինչ-որ ձեւով պատասխանատվության հրավիրելը, ամբողջությամբ կազմը  փոխելն ու  փաստը  հրապարակելը   լուրջ  նախադեպ կլիներ  բոլոր այն խորհուրդների համար, որոնք  դառնում են անօրեն, իրավախախտ  տնօրենների ձեռքի գործիք»: