Պատգամավորներ կոչվածները մոռացել են իրենց իրական պատասխանատվությունը ընտրողների առջեւ, իրենք համարում են իրենց պատասխանատու եւ հաշվետու այն գործիչների առջեւ, ում հետ քաղաքական գործարքներ են կնքել եւ դրա արդյունքում էլ մտել խորհրդարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԵՏՄ հարցով քննարկմանը, ոչ իշխանական ուժերի վերաբերունքին:
Կինոռեժիսորը շեշտեց, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը ընդդիմություն չեն, իրենք իրենց այդպես էլ չեն անվանում, իրենք իրենց համարում են ոչ իշխանական ուժեր եւ դրանով իրենք ազնիվ են: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ նրանք չեն ընդդիմանում, իսկ միմյանց միջեւ միակ տարբերությունն այն է, թե ով ավելի մաքուր կլզի ռուսական սապոգի կոշկատակը: «Իրենք վաճառվել են, ոմանց վրա կա վարկաբեկող փաստաթղթեր, ոմանց կաշառել են փողով, ոմանց սպառնացել են»,-ասաց Տիգրան Խզմալյանը:
Անդրադառնալով այդ օրը ԱԺ-ի մոտ անցկացված ակցիային, ակտիվիստների՝ պատգամավորներին դավաճան անվանելուն՝ կինոռեժիսորն ասաց, որ այդ ակտիվիստները միաժամանակ ընտրողներ են, բայց խնդիրն այն է, որ մեր մոտ 1996թ սկսած իրական ընտրություններ չկան, պատգամավորներ կոչվածներն էլ մոռացել են իրենց իրական պատասխանատվությունը հենց ընտրողների առջեւ: «Իրենք համարում են իրենց պատասխանատու եւ հաշվետու այն գործիչների առջեւ, ում հետ քաղաքական գործարքներ են կնքել եւ դրա արդյունքում էլ մտել խորհրդարան: Հենց այդ օրը ձեւավորվեց մի զավեշտալի հարց, թե ինչպես մարդը, որը 1991թ ընթերցում էր անկախության հռչակագիրը, այսօր քվեարկում է այդ հռչակագրի դեմ, տրամաբանական լինելով նրան պետք է հանձնել այդ ստրկացման հռչակագրի ընթերցման առաքելությունը, կարծում եմ՝ դա ճիշտ կլինի: Այդ սերունդը կատարեց շրջան, հայտնվեց այնտեղ, որտեղից սկսել է»,-ասաց «Նախախորհրդարանի» անդամը՝ անդրադառնալով Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին:
Կինոռեժիսորը նկատեց, որ այդ ակցիայի օրը Լյուդմիլա Սարգսյանը, որը մերժում էր այդ մեղադրանքները, ասում էր,թե դուք չգիտեք այն, ինչ գիտենք մենք: Այժմ Տիգրան Խզմալյանը նրան հարց է ուղղում՝ «այդ ի˚նչ չգիտենք մենք, դուք պատմություն չեք հիշում: Մեզ խցկում են ռուս-թուրքական առանցքի մեջ, դա մահաբեր որոշում է Հայաստանի համար, դա կրկնում է 1920թ իրավիճակը, եւ եթե մենք զարմանում էինք, թե ոնց էին այդ մարդիկ որոշումներ ընդունում, ինչպես չէին հաշվարկում, ցեղասպանության դեպքերից ժամեր առաջ նստած դահիճների հետ նարդի էին խաղում, ճաշում էին: Մենք հիմա տեսնում ենք մարդկանց, ովքեր պատահաբար հայտնվել են իշխանության ղեկի մոտ, գործարքների, վաճառքի, առեւտրի արդյունքում լուրջ դեմքերով ընդունում են ազգի համար ողբերգական որոշումներ»:
Նա շեշտեց, որ ակտիվիստները ներկայացնում են ժողովրդին եւ այդ վանկարկումները ժողովուրդն էր ասում, նրանք ամենեւին էլ 20-30 ջղաձգված մարդիկ չեն, միայն պաշտոնական տվյալներով կես միլիոնից ավել մարդ դեմ էր քվեարկել էր այս իշխանությանը: Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այստեղ խնդիրը ժողովրդինն է, որը չի հարգում ինքն իրեն, չի հավատում սեփական ուժերին, մարդկանց հասցրել են լիակատար հիասթափության, եւ այս պարագայում առաջին իսկ քաղաքական ուժը, որը կկանգնի եւ չի հեռանա հրապարակից, նորից կհավաքի հազարներ եւ տասնյակ հազարներ: «Ես կլինեմ այնտեղ, որտեղ կզգամ անկեղծություն, մենք ինքներս պետք է լցնենք այդ մարդկանց ուժով, այդ մարդիկ ուժ կդառնան, երբ մենք կհավաքվենք նրանց շուրջ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, ԱԺ շենքի Դեմիրճյան փողոցի մոտ անցկացված բողոքի ակցիային ակտիվիստները պատգամավորներին դիմավորում էին «Դավաճան» վանկարկումներով: Խորհրդարանի մուտքի մոտ հավաքված ակտիվիստները Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին էլ դիմավորեցին «դավաճան» կոչերով, քանի որ ՀԱԿ-ն էլ է հայտարարել ԵՏՄ-ին անդամակցելու անշրջելիության, պայմանագրին կողմ քվեարկելու պատրաստակամության մասին: Ակտիվիստներից մեկի հարցին՝ կո՞ղմ է ԵՏՄ-ին, թե՞ ոչ, Արամ Մանուկյանը ոչինչ չպատասխանեց, փոխարենը հարցրեց. «Դուք հայ ազգի՞ն եք դավաճան ասում»:
Ակտիվիստի «Ամբողջ ՀԱԿ-ին» պատասխանին էլ Արամ Մանուկյանն արձագանքեց. «Դուք դրա իրավունքն ունե՞ք, որ դավաճան եք ասում ՀԱԿ-ին»: Դրանից հետո 1990թ. Անկախության հռչակագիրն ընթերցած պատգամավորը հեռացավ:




























