ՀՀ Շախմատի ակադեմիայում կրթությունը դե յուրե անվճար է, սակայն դե ֆակտո ծնողները տարբեր առիթներով գումարներ են վճարում Շախմատի ակադեմիայում սովորելու համար: Այս մասին նշվում է NEWS.am-ի խմբագրությանը ուղարկված նամակում: Այնտեղ ասվում է հետեւյալը.
«2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Շախմատի ակադեմիայում հայտարարություն է փակցվել, որով ծնողները պետք է ձմռան ամիսների ջեռուցման համար վճարեն 6000 դրամ: Անվճար կրթության շրջանակներում պետությունը պետք է ապահովի կրթություն ստացողի առանց որեւէ վճարում կատարելու ուսումը, ինչը սակայն սույն դեպքում չի իրականացվում: Անվճար կրթության քողի տակ գումար է հավաքվում ջեռուցման համար, դա էլ այն դեպքում, որ սույն կառույցն ունի հսկայական ֆինանսավորում, ինչը բոլորին քաջ հայտնի է:
Կարեւորն այս դեպքում շատ քանակով ու քաղաքի տարբեր վայրերում դպրոց ունենալը չէ, այլ կրթության որակը եւ բարոյական արժեքների պահպանումը, եւ, վերջիվերջո, շախմատը որպես բիզնես չօգտագործելը, այն կազինո չդարձնելը, ինչը ներկայումս կատարվում է ոչ միայն Շախմատի ակադեմիայում: Այս փաստն ինձ համար ոչ այլ ինչ է, քան դրամահավաքության վառ օրինակ»:
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահը գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շատ է ցանկանում հանդիպել այդ նամակի հեղինակներին եւ ճիշտ է համարում, որ այդ հարցով նախքան լրատվամիջոցներին դիմելը փորձեին իրենից պարզաբանում ստանալ: Նա նշեց, որ ակադեմիայում որեւէ գումար չեն հավաքում, ընդամենը ձմեռվա երեք ամսվա համար 6 հազար դրամ են հավաքում ջեռուցման ծախսերի նպատակով, քանի որ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, որպեսզի երեխաները տաք պայմաններում լինեն, ինչպես նաեւ նրանց սպասող ծնողները:
«Աշխարհում այդպիսի ակադեմիա չկա եւ նման լավ վերաբերմունք երեխաների նկատմամբ չկա: Աշխարհում չկա նման բան, որ երեխան անվճար դառնում է գրոսմաստեր եւ ծնողը երբեք չի խառնվում, նա գալիս է, իր համար, տաք պայմաններում նստում է, լավ ժամանակ է անցկացնում, հեռուստացույց է նայում»,-ասաց Սմբատ Լպուտյանը:




























