Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շատ լավ է գնահատում Արմեն Երիցյանի նշանակումը Արտակարգ իրավիճակի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետը:
Նա նշեց, որ Արմեն Երիցյանի հետ սերտորեն համագործակցել է դեռ նրա՝ ԱԻՆ նախարար աշխատելու տարիներին, տեսել է այն զգալի աշխատանքը, որ կատարվել է: Այժմ էլ Արագածոտնի մարզում կառուցվում է Ճգնաժամային կառավարման կենտրոնի շենքը:
«Շատ սերտ համագործակցել ենք, հաջող արդյունքներ ենք գրանցել, որպես մարդ եւ պետական, քաղաքական այր՝ նա շատ ընդունված է, ես շատ հարգում եւ գնահատում եմ նրան»,-ասաց նա:
Արագածոտնի մարզպետը շեշտեց, որ Արմեն Երիցյանի օրոք բավական առաջընթաց է գրանցվել ԱԻՆ-ում, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Կլինի նույնը մարզերի դեպքում, թե ոչ, Սարգիս Սահակյանն ասաց, որ մարզերի աշխատանքը կա, սահմանված է Կառավարության կողմից, գտնվում է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում, իրենք կշարունակեն եւ ավարտին կհասցնեն քառամյա ծրագրերը:




























