Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող մի քանի տասնյակ ակտիվիստներն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ից կրկին հավաքվել են ԱԺ շենքի մոտ, որտեղ 17:00-ին նախատեսվում է ԵՏՄ պայմանագրի քվեարկությունը:

Ակտիվիստները ԱԺ մտնող պատգամավորներին հարցնում են՝ արդյոք նրանք կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, թե ոչ: Պատգամավորներից շատերը ԱԺ են մտնում առանց հարցին պատասխանելու:

Երբ ակտիվիստներն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանին հարցրին՝ կողմ է ԵՏՄ-ին, թե ոչ, պատգամավորը ճշտող հարց տվեց. «Եթիմների՞ն»:

«Հա, հենց եթիմներին»,-պատասխանեցին ակտիվիստները:

Ակտիվիստները ԱԺ մտնող՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հարցրին՝ նա կողմ է, թե դեմ ԵՏՄ անդամակցությանը, պատգամավորը պատասխանեց.

«Մենք կողմ ենք հայ ազգին, մենք մեր տեսակետը կհայտնենք, չկա մեկը, որ դեմ լինի մեր ազգին: Ես կողմ եմ, որ մեր քաղաքացիները Հայաստանի Հանարպետությունում անվտանգ ապրեն, բալանսավորված եւ գործընկերային կապեր հաստատեն ամբողջ աշխարհի հետ»,-ասաց Հովհաննես Մարգարյանը եւ մտավ ԱԺ շենք:

ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մինչեւ մտնելը հաշվեց ակտիվիստներին, ասաց՝ բան չեք փոխելու 20 հոգով, ինչին ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հակադարձեց, որ մեկ հոգով էլ լինեն՝ փոխելու են:

Ակտիվիստներին ԱԺ-ի մոտ միացել են նաեւ ԱԻՄ-ականներ եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: