Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող քաղաքացիները եւ անդամակցության պայմանագրին դեմ քվեարկած պատգամավորները պետք է համախմբվեն եւ իրենց գործողություններով փաստեն, որ համաձայն չեն ԵՏՄ անդամակցությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ շենքի մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը ԵՏՄ անդամակցության պայմանագրին դեմ քվեարկած 7 պատգամավորներից մեկն է:
«Մենք մեր գործողություններով պետք է փաստենք, որ համակարծիք չենք այս ամենի հետ: Սա մեզ համար մերժելի է, պետք է պայքարենք: Պետք է կոնկրետ ծրագիր ունենալ ու հրատապ իրագործել, դրան միտված քաղաքական գործիչները, նաեւ քաղաքացիները պետք է այս պահին կազմակերպվեն, համախմբվեն անկախ պետություն ստեղծելու համար: Մենք պարտավոր ենք համախմբվել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ԵՏՄ պայմանագրի վավերացումն այն բանի հետեւանքն է, որ 25 տարվա ընթացքում հայ ժողովուրդը չի կարողացել կազմակերպել երկրի պետականությունը: Ըստ պատգամավորի՝ երիտասարդ սերնդի առջեւ այժմ հայրենիքն ազատագրելու խնդիր է դրված:
Զարուհի Փոստանջյանն ԱԺ շենքի մոտ հավաքված՝ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներին ասաց, որ նրանց անցկացրած ակցիայի արդյունքում էր, որ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն, ի տարեբրություն պայմանագրին կողմ քվեարկած իր կուսակիցների, ձեռնպահ է քվեարկել պայմանագրին:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:




























