Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը չի կարող թղթակից անդամ լինել եւ որեւէ պաշտոն զբաղեցնել, քանի որ չի տիրապետում հայերենին, մի շարք գիտական զեղծարարություններ է թույլ տվել եւ չարաշահում է պաշտոնեական դիրքը`կոռուպցիոն գործունեություն ծավալելով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԳԻ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը:

«Կարախանյանը տառաճանաչ չէ, հայերեն գրել-կարդալ չգիտի: Նրա ամենասարսափելի գիտական զեղծարարություններից մեկը հայ ժողովրդի պատմությունն աղավաղելն է: Սուտ, խեղաթյուրված փաստարկներ է բերում` փորձելով հաստատել, որ հայերը միգրանտ ժողովուրդ են եւ այստեղ տեղաբնիկ չեն եղել: Ժամանակին Իլհամ Ալիեւը գիտնականներին գումար էր տալիս, ասում էր՝ ապացուցեք, որ հայերը քոչվոր են, հիմա այնպիսի տպավորություն է, որ Կարախանյանի գրվածքները ջուր են լցնում Ալիեւի, Էրդողանի քարոզչամեքենայի ջրաղացին»,- ասաց Հայկ Մելիք-Ադամյանը:

Նրա խոսքով` Արկադի Կարախանյանի կոռուպցիոն գործունեության մասին վկայում է այն փաստը, որ վերջինը, չարաշահելով պաշտոնը եւ խախտելով ակադեմիայի կանոնակարգը, ղեկավար պաշտոնների համար մրցույթ չի հայտարարել:

«Նա նշանակել է իր ուզած մարդկանց: Հենց նշանակումն արդեն կոռուպցիայի դրսեւորում է: Նա իրավունք ունի նշանակել առանց մրցույթի միայն ակադեմիկոսների եւ թղթակից անդամների, մնացածների համար պետք է մրցույթ հայտարարի»,- նշեց Մելիք-Ադամյանը:

Ասուլիսին ներկա ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի  Գիտական գծով փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը տեղյակ է Հայկ Մելիք-Ադամյանի գիտական զեղծարարությունների վերաբերյալ բողոքին եւ ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանին հանձնարարել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը կքննի Մելիք-Ադամյանի բաց նամակում բերված փաստարկները:

«Փաստերը կքննվեն, կներկայացվի մասնագիտական կարծիք եւ եզրակացություն: Այս դեպքին առնչվող ցանկացած քննարկում առանց եզրակացության կդիտվի որպես փորձ վարկաբեկելու Երկրաբանական գիտությունների բնագավառում ճանաչված գիտնական, գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանի նկատմամբ», - նշեց Խաչատուր Մելիքսեթյանը:

Կարախանյանը թեւ հրավիրված էր, սակայն ասուլիսին չէր մասնակցում, իր փոխարեն ուղարկել էր իր ենթականերին, ինչը Մելիք-Ադամյանը կրկին որպես պաշտոնեական դիրքի չարաշահում դիտարկեց։

Հակադարձելով ընդդիմախոսին՝  ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Պետրոլոգիայի և օգտակար հանածոների բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Մելքոնյանը նշեց, որ Արկադի Կարախանյանի՝ հայերենի չիմացության վերաբերյալ Մելիք-Ադամյանի հայտարարությունն անհիմն է:

«Ճիշտ է, ռուսական կրթություն ունի, սակայն վերջին 3 տարիներին իր բոլոր զեկույցները ներկայացրել է հայերեն»,- ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 21-ին կայացած՝ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների ընտրություններում Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտխորհրդում առաջադրվել եւ գրեթե միաձայն հաստատվել է նույն ինստիտուտի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանի թեկնածությունը:

ԵԳԻ-ի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը բաց նամակով դիմել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանին, ՀՀ ԳԱԱ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Վ. Բարխուդարյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին և թղթակից անդամներին` Արկադի Կարախանյանին մեղադրելով գրագողության, գիտական էթիկայի, գիտական զեղծարարությունների մեջ: