ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին այսօր կողմ քվեարկած 103 պատգամավորներն ընդունեցին, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ իրենք ծափահարում են այդ քաղաքական կուրսին: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դեռեւս 2013թ. սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միության, այնուհետեւ՝ արդեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին, հիշո՞ւմ եք, թե ինչ քննադատության ալիք բարձրացավ: Խոսքը վերաբերում է այն քաղաքական թիմերին, որոնց ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, քննադատում էին նախագահի որոշումը: Նույնիսկ խոսում էին նսեմացման մասին, բայց այսօր 103 կողմը ցույց տվեց, որ բացի «Ժառանգություն» խմբակցությունից, Նիկոլ Փաշինյանից եւ Էդմոն Մարուքյանից, պատգամավորներն իրենց քվեարկությամբ ընդունեցին, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ ծափահարում են այդ քաղաքական կուրսին»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն այն պատգամավորին, որը դեմ էր խոսում ԵՏՄ-ին, բայց այսօր նիստերի դահլիճում չէր, հիշեցրեց. «Ավելի ազնիվ կլիներ, եթե ներկա լիներ խորհրդարանում եւ ասեր, որ դեմ է: Բայց երբ հայտնի դարձավ նրանց կուսակցության կարծիքը, գերադասեց լռել, իսկ լռությունը համաձայնության նշան է»:

Շարմազանովը, սակայն, չցանկացավ ասել, թե ում մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ, նա նկատի ուներ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին, որը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո քննադատել էր Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը։ Նշենք, որ այսօրվա քվեարկությանը Օսկանյանը ներկա չէր։ 

Նշենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացնելու օգտին քվեարկեցին 103 պատգամավոր, դեմ` 7-ը, իսկ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: