«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պետք է դիմեն դատարան՝ չվճարված աշխատավարձերը ստանալու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիփոսյանը:

«Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում պետք է նրա հետ վերջնահաշվարկ կատարել: Այն ծանուցագրերում, որոնք նաիրիտցիները ստանալու են, եւ աշխատանքից ազատվելու հրամանի մեջ  վերջնահաշվարկի մասին ոչ մի խոսք չկա: Իսկ աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատանքի ազատման օրը պետք է տրվի աշխատանքային գրքույկը, եւ պետք է կատարվի վերջնահաշվարկ»,- ասաց Միքայել Փիլիփոսյանը:

Իրավաբանի խոսքով, եթե նաիրիտցիները  դատարան դիմեն, հնարավոր է ֆինանսական միջոցներ չունենալու համար «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչվի:

«Այս դեպքում կարող է մի խնդիր առաջանալ, որ այդ փակ բաժնետիրական ընկերությունը կարող է միջոցներ չունենա վճարելու, եւ դատարան դիմելուց հետո դատարանը կարող է գործարանը սնանկ ճանաչել:  Իսկ սնանկ հայտարարելու դեպքում գործարանի 500 աշխատողներն էլ, որոնք մնալու են կրճատումներից հետո, նույնպես կզրկվեն հնարավոր աշխատանքից»,- ասաց իրավաբանը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին: Աշխատակիցների չվճարված աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: