Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի քվեարկությանը Հանրապետական խմբակցություն չի մասնակցել ընդամենը երկու պատգամավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ քվեարկությանը չմասնակցած ՀՀԿ-ականները երկուսն էին՝ Առաքել Մովսիսյանը եւ Հակոբ Հակոբյանը, ովքեր հարգելի պատճառներով այժմ գտնվում են արտերկրում: Ոչ իշխանական ուժերից ԵՏՄ պայմանագրի անդամակցությանը չի քվեարկել ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցին անդրադարձել է Աժ-ի իր ելույթում՝ նշելով, որ դա ոչ թե քվեարկության, այլ հանրաքվեի հարց է, Հայաստանի ինքնիշխանության հարցը պետք է որոշի ժողովուրդը:

Մյուս չքվեարկածները ԲՀԿ խմբակցության անդամներ են: Նրանց մի մասը առհասարակ չի մասնակցել նիստին, մի մասն էլ՝ պարզապես քվեարկությանը չի մասնակցել: Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Սպարտակ Մելիքյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը չեն քվեարկել, իսկ Գագիկ Ծառուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը, Արշակ Մխիթարյանը բացակայել են: ԲՀԿ խմբակցությունից Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե քվեարկությանը մասնակցել, չմասնակցելու մասով որեւէ որոշում եղած լինի, ամեն մեկը ազատ էր:

Հատկանշական է, որ նույն օրը նույն ժամին տեղի ունեցած բյուջեի քվեարկությանը ԵՏՄ-ին չքվեարկած ԲՀԿ-ականներից ոմանք այնուհանդերձ դեմ են քվեարկել բյուջեին, ինչպես օրինակ՝ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ այլք: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԵՏՄ պայմանագրի անդանակցության քվեարկությանը չմասնակցած պատգամավորներից, սակայն նրանց մի մասը չի պատասխանում զանգերին: Իսկ, օրինակ, Արա Արամյանը մեզ հետ զրույցում ասաց, թե վատ է զգացել, գնացել է հիվանդանոց, այդ պատճառով չի մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին դեմ է քվեարկել 7 պատգամավոր՝  Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: Ձեռնպահ է քվեարկել 1 պատգամավոր՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, ով դա պատճառաբանել է՝ ասելով, թե շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացությանը:  ԵՏՄ պայմանագրի քննարկելու օրերին ակտիվիստները ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պատգամավորներին դիմավորելով եւ ճանապարհելով «դավաճան» վանկարկումներով: